Թուրքիայում անգամ դեռ չծնված երեխաներն են պարտքի տակ ընկնում․ Բաբաջան
Թուրքիայի Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության (DEVA) նախագահ Ալի Բաբաջանը Թեքիրդաղում անցկացրած նահանգային նիստի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում քննադատել է իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։
Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Բաբաջանը, իր խոսքը ուղղելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նրանից բացատրություններ է պահանջել ժողովրդին աղքատացնելու, գանձապետարանի պարտքը 1 տրիլիոն 935 միլիարդ լիրայի հասցնելու, առհասարակ բոլոր վնասների և դժգոհությունների մասին։
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, մասնավորապես, ասել է․ «Դուք երկիրը վերածել եք հսկայական լաբորատորիայի, իսկ երկրի քաղաքացիներին՝ փորձերի ենթակաների: Կներեք, Թուրքիան ձեր փորձերը կատարելու լաբորատորիան չէ, երկրի քաղաքացիներն էլ «ծովախոզ» չեն:
Ձեր փորձերը աղքատացրել են մարդկանց: Դրանք այս երկրի երեխաների ապագայի հաշվին են արվում: Ձեր փորձերի պատճառով աճում է գործազրկությունը, դրանք ճգնաժամի պատճառ են դառնում ինչպես մեր տնտեսության, այնպես էլ մեր ժողովրդի համար: Նույնիսկ մեր չծնված երեխաներն են պարտքերի տակ ընկնում այդ փորձերի պատճառով»:
Եզրափակելով իր ելույթը՝ Բաբաջանը նշել է, որ իշխանությունների կապը խզվել է մարդկանց բողոքներից, տնտեսության իրական վիճակից, իսկ ժողովուրդը հիշում է, քանի որ իշխանությունների սխալների գինը վճարողը հենց ժողովուրդն է։