«Ժամանակն է ուսումնասիրել հայկական մշակույթն ու պատմությունը՝ ապրելու, ոչ թե անհետանալու համար». Վալերի Տոլստովը՝ հայկական շոու-բիզնեսի խնդիրների մասին
Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար Վալերի Տոլստովը պատերազմի առաջին իսկ օրերից սոցիալական ցանցերում ակտիվորեն ներկայացնում է իր դիրքորոշումը։ Նա Facebook-յան էջում հաճախ է պատերազմի մասին հրապարակումներ անում։ Բացի այդ՝ Տոլստովն Արցախին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել… Վերջին հրապարակմամբ նա անդրադարձել է հայկական մշակույթի խնդրին։
«Մշակույթի նախարարությունը 2015թ.-ին Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում է շնորհել, իսկ համերգների ընթացքում անշլագ է։ Դե ինչ, ազգին, որն աշխարհին Խաչատրյան, Լեգրան, Բաբաջանյան եւ Թարիվերդիեւ է նվիրել, կարելի է շնորհավորել այդպիսի նվաճումների ու առաջընթացի համար։
Եթե հայկական մշակույթին ծանոթ չլինեի, արմենչիկանմանների «արվեստին» բախվելով՝ ինձ մոտ հարց կառաջանար՝ ինչո՞վ են հայերը տարբերվում ադրբեջանցիներից, թուրքերից եւ ինչի համար են կռվում»,- նշել է նա։
Տոլստովը կոչ է արել ազատվել ադրբեջանական մոտիվներից. «Հակառակ դեպքում ինչու են երեխաները զոհվել, եթե «թշնամու» երաժշտությունը հնչում է յուրաքանչյուր տանը։ Ինչո՞վ է հայը տարբերվում «նրանցից», եթե լսում է նրանց երաժշտությունը, հագնում է տեքստիլը, ոտում մթերքը, մտածում նրանց նման եւ կենսակերպ վարում, որը հատուկ է նրանց քաղքենիական օխլոսին։ Գուցե ժամանա՞կն է ուսումնասիրելու հայկական մշակույթն ու պատմությունը։ Նվազագույնն ապրելու եւ ոչ թե անհետանալու համար…
Հ․Գ․ Միայն Արմենչիկի հարսենական հոնորարներով կարելի էր մի ամբողջ բանակ զինել»,- նշել է Տոլստովը։