Փարիզի ոստիկանությունն ապամոնտաժել է քաղաքի հրապարակում փախստականների տեղադրած 500 վրանները
Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան քաղաքի հրապարակում մոտ 500 վրան է ապամոնտաժել, որոնք տեղադրվել էին փախստականների կողմից՝ ի նշան ավելի վաղ մայրաքաղաքի արվարձանում իրենց ճամբարի ոչնչացման դեմ բողոքի: Փարիզի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այսօր Հանրապետության հրապարակում անօրինական կերպով տեղադրված վրաններ են ապամոնտաժվել։ Ոստիկանությունը բացել է ապօրինաբար զավթված հանրային տարածքը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ հրապարակում այդ երեկո ավելի քան 450 փախստական է գտնվել:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում ոստիկանության կողմից փախստականների ճամբարի ապամոնտաժումից հետո Utopia 56 և Medecins du monde կազմակերպությունները կոչ էին արել Հանրապետության հրապարակում վրաններ տեղադրել։
Ակցիայի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել՝ իշխանություններին կոչ անելով «փախստականներին բնակության վայր տրամադրել և ստեղծել փախստականների մշտական ընդունման համակարգ»։