Ո՞ր կետի համար է բանակցել Փաշինյանը․ եռակողմ հայտարարությունում անգամ հայանպաստ մի ստորակետ չկա, մի համաձայնություն չկա, որը մեզնից մի թանկ բան չի խլում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«ՌԴ ղեկավարի վերջին հայտարարություններն ու բացահայտումները Հայաստանի քաղաքական ու հանրային կյանքում սառը ցնցուղի ազդեցություն թողեցին: Օրերս Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հայ ժողովրդին հասկացրեց, որ այն փաստաթուղթը, որն այսօր սեղանին է, Ալիևի հետ հեղինակել է Նիկոլ Փաշինյանը: Պուտինի ողջ հարցազրույցից միայն «Փաշինյանը դավաճան չէ» արտահայտությունը դուրս գրող (կարելի էր կարծել, թե այլ երկրի ղեկավարը պիտի մեր փոխարեն գնահատական տա դավաճա՞ն ղեկավարի հետ գործ ունենք, թե՞ ոնց...) մեր հայրենակիցները նույն ջերմեռանդությամբ մեկ այլ հարցում էլ թող լուսավորեն մեզ: Պուտինն ընդգծում է, որ այդ փաստաթղթի յուրաքանչյուր բառի, անգամ ստորակետի համար պայքար է մղվել: Ցույց տվեք այդ հայտարարությունում մի կետ, որի համար Փաշինյանը կռիվ է տվել: Չկա: Անգամ հայանպաստ մի ստորակետ էլ չկա: Գուցե կռիվ է տվել, բայց ոչ Հայաստանի ու Արցախի համար: Ողջ փաստաթղթում չկա մի համաձայնություն, որը մեզնից մի թանկ բան չի խլում: ՈՒրեմն գուցե կռիվ տվողն իրականում Փաշինյա՞նը չի եղել, այլ Պուտինն ու Ալի՞ևը:
Մեկ այլ նուրբ դետալ էլ կար «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդաշա-րում Պավել Զարուբինի ներկայացրած հատվածում, երբ ՌԴ ղեկավարը խոսում է Շուշիի մասին, որ այն չի եղել բանակցություններում երբևէ, որ հոկտեմբերի 20-ին պատերազմը դադարեցնելու և փախստականների վերադարձն ապահովելու համաձայնության են հանգում, սակայն հայկական կողմը հրաժարվում է կանգնեցնել պատերազմը, նաև տողատակով մի արտահայտություն է անում: «Հայկական գործընկերներ» ասելու փոխարեն նշում է «ամերիկյան», հետո ուղղում «հայ»: Իհարկե, դա շատ սահուն է իրականացվում, իբրև լեզվի սայթաքում, բայց Պուտինի նման ղեկավարն այդպիսի բարդ հարցում հենց այնպես ոչ մի խոսք օդ չէր կրակի: Կարող էր, չէ՞, նաև ԱՄՆ-ի փոխարեն այլ երկրի անուն տալ: Ի վերջո, ինչպես ասում են հասկացողը կհասկանա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: