Կոնգրեսական-հանրապետական Դեւիդ Նունեսը Թրամփի վարչակազմին կոչ է արել արգելափակել Թուրքիային զենքի վաճառքը
Կոնգրեսական-հանրապետական Դեւիդ Նունեսը Թրամփի վարչակազմին կոչ է արել արգելափակել Թուրքիային զենքի վաճառքը եւ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռ. Քլարք Քուփերին ուղղված նամակում, որը համակարգում է ԱՄՆ ռազմական օգնությունը, զենքի վաճառքը եւ զենքի արտահանման վերահսկողությունը, կոնգրեսականը խնդրում է ԱՄՆ կառավարությանը հայտարարել, որ «կարգելափակի ցանկացած նոր սպասելի հայտերը՝ Թուրքիային ռազմական կամ կրկնակի օգտագործման սարքավորումների վաճառքի կամ փոխանցման վերաբերյալ, կամ ցանկացած այլ երկրին, որը կարող է այդպիսի սարքավորումները կամ տեխնոլոգիաները փոխանցել Ադրբեջանի կառավարությանը»:
«Պետդեպարտամենտն անգործության է մատնված, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական արտադրանքի վաճառքի արգելքին»,- ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամպարյանը, ով վերջերս հանդիպել է կոնգրեսական Նունեսի հետ: «Մենք մտադիր ենք համագործակցել կոնգրեսական Նունեսի հետ, որպեսզի Պետդեպարտամենտն անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկի՝ կապված Թուրքիային եւ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական տեխնիկա վաճառելու հետ, ներառյալ անօդաչու թռչող սարքերի բարդ մասերը»,- հավելել է նա:
ANCA-ի քարոզչական արշավի արդյունքում ԱՄՆ մի շարք ընկերություններ հրապարակավ հայտարարել են, որ դադարեցնում, կասեցնում եւ (կամ) հետաքննում են իրենց ապրանքների, ծառայությունների կամ տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին: Դրանց թվում են Garmin, Xilinx, Trimble, Beringer եւ ViaSat ընկերությունները: