1 օրում՝ ավելի քան 25 000 դեպք. ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 25 173-ով՝ հասնելով 2 114 502-ի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
Սա համավարակի սկսվելուց ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է մեկ օրվա կտրվածքով։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է նոյեմբերի 21-ին, երբ մեկ օրում վարակվել էր 24 822 մարդ։ Միայն Սանկտ-Պետերբուրգում մեկ օրում արձանագրվել է վարակման 2926 նոր դեպք, ինչը նույնպես ռեկորդային է։ Ընդհանուր առմամբ՝ հիվանդների թիվն այս քաղաքում հասել է 100 864-ի։ Ավելի վաղ այս տարածաշրջանում երբևէ գրանցված առավելագույն ցուցանիշը եղել է 2668-ը։
Մոսկվայում նախորդ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 6866-ով՝ հասնելով 560 579-ի։ Մեկ օրում հիվանդների թվի նվազագույն աճ է գրանցվել Դաղստանում (0,5%), Կալիմկիայի Հանրապետությունում ու Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջանում (յուրաքանչյուրում 0,6%) և Մարի Էլ Հանրապետությունում (0,7%)։
Մոսկվայի մարզում նախորդ մեկ օրում գրանցվել է վարակման 971 դեպք, Նիժեգորոդսկի մարզում՝ 447, Սվերդլովսկի մարզում՝ 389, Արխանգելսկի մարզում՝353, իսկ Կրասնոյարսկի երկրամասում՝ 335 դեպք։
Մեկ օրում ՌԴ-ում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 16 002 մարդ, ընդհանուր բուժվածների թիվը հասել է 1 612 445-ի։ Այս պահի դրությամբ Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ COVID-19-ով հիվանդ 466 517 մարդ։ Հիվանդության հետևանքով նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 361 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ համավարակի ընթացքում երկրում մահացել է 36 540 մարդ։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 59 058 959 դեպք, որից 1 394 827-ը՝ մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 40 824 131 մարդ։