Ինչպես կարող է Իրանի և Իսրայելի միջև ուժերի հավասարակշռությունը փոխվել հօգուտ Թեհրանի. Arab News
Իրանական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, դոկտոր Մաջիդ Ռաֆիզադեն arabnews.com կայքում հրատարակված իր հոդվածում վերլուծել է Իրանի և Իսրայելի միջև ուժերի հավասարակշռությունն ու ԱՄՆ-ում իշխանության գալիք փոփոխության ազդեցությունը դրա վրա:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երբ խոսքն իրանական ռեժիմին դիմադրելու մասին է, ապա վերջին 4 տարիներին Իսրայելի բախտը շատ է բերել, քանի որ Թրամփի աշխատակազմի քայլերը Իրանի դեմ համաձայնեցվում էին Իսրայելի նպատակների հետ:
Առավելագույն ճնշման քաղաքականությունը ծառայում էր Իսրայելի շահերին, քանի որ այն զգալիորեն թուլացնում էր Իրանի թեոկրատական կայացումը մի քանի ճակատներում: Հենց սկզբից Իսրայելի ղեկավարները դեմ էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, որը ավելի լայն շրջանակներում հայտնի է որպես Իրանի միջուկային գործարք, մասամբ դեմ էին նաև այն պատճառով, որ այդ գործարքը հարստացնում էր Իրանի ղեկավարներին:
Միջուկային համաձայնագրի հիմնական շահառուները ոչ թե իրանցի հասարակ ժողովուրդն էր, այլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՊԿ), «Ղոդս» ստորաբաժանումը, Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը, ռեժիմին հավատարիմ անձինք, վստահված անձինք և աշխարհազորային խմբավորումները Մերձավոր Արևելքում: Իսրայելը համոզված էր, որ համաձայնագիրը ուժեղացնում է իր հակառակորդներին` «Հըզբոլլահ» շարժմանը, ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորմանն ու սիրիական ռեժիմին:
Բացի այդ, միջուկային գործարքը դուռ էր բացել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման համար: Երբ Օբամայի վարչակազմի օրոք վերացվել էին Իրանի դեմ պատժամիջոցները, շատ արագ պարզ էր դարձել, որ այդ գործողություններն Իրանին համաշխարհային լեգիտիմություն են հաղորդում միջազգային հանրության աչքում: Այս նոր լեգիտիմությունը և պատժամիջոցների չեղարկումը միլիարդավոր դոլարների եկամուտ բերեցին Իրանի ռազմական հաստատություններին, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Ինչպես և ենթադրում էր Իսրայելը, Թեհրանը եկամուտների այդ հոսքն օգտագործում էր ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբանանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Եվ ընդլայնման արշավը ապացուցեց, որ այն անչափ հաջող էր:
Ուժերի հարաբերակցությունն Իրանի օգտին էր մինչև Թրամփի վարչակազմի պաշտոնի ստանձնումը: Առաջին բաներից մեկը, որ արեց Թրամփի վարչակազմը` ԱՄՆ-ին դուրս բերելն էր միջուկային գործարքից: Սա հսկայական հարված էր Իրանի ռեժիմին և մեծ հաղթանակ էր Իսրայելի համար: Դրանից մեկ տարի անց պետության կողմից վերահսկվող սիրիական «Al-Watan» թերթը հայտնում էր, որ Իրանը դադարեցրել է Սիրիայի կառավարությանը տրվող վարկային գիծը:
Հոդվածագիրը նշում է, որ Իսրայելը մտահոգված է, որ ուժերի հավասարակշռությունը փոխվելու է հօգուտ Իրանի, երբ Բայդենի վարչակազմը ստանձնի ԱՄՆ ղեկավարությունը:
Բացի այդ, Թեհրանի ռեսուրսների կրճատումը Թրամփի օրոք ստիպեց Իրանին կրճատել պաղեստինյան ՀԱՄԱՍ և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումների ֆինանսավորումը:
Իսրայելը ևս մեկ հաղթանակ տարավ, քանի որ Իրանի ներքին տնտեսական իրավիճակն այնքան սարսափելի էր դարձել, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին խոստովանում էր. ռեժիմը բախվել է իր հիմնադրումից ի վեր (1979թվական) ամենավատ տնտեսական ճգնաժամին:
Ուժերի հավասարակշռությունն այն աստիճան փոխվեց հօգուտ Իսրայելի, որ վերջինս մի քանի տարիների ընթացքում լիազորվեց ուղղակիորեն մի քանի հարված հասցնել իրանական ռեժիմին: Այս շաբաթ, օրինակ, իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել 8 թիրախների և պահեստարանների, որոնք, ըստ հաղորդումների, վերահսկվում են իրանական «Ղոդս» կոչվող ուժերի և սիրիական ռեժիմի ուժերի կողմից:
Այնուամենայնիվ, Իրանի մտավախությունը տեղին է և հոդվածագիրը, եզրափակելով իր հոդվածը, նշում է, որ Բայդենի վարչակազմի գալով ուժերի հավասարակշռությունը կարող է կրկին փոխվել հօգուտ Իրանի: