Իրանը հայտարարել է Սիրիայում իր խորհրդականներին սպառնացող վտանգի դեպքում վճռական պատասխանի պատրաստակամության մասին
Թեհրանը պատրաստ է վճռականորեն պատասխանել այն կողմին, որը կսպառնա Սիրիայում գտնվող իրանական ռազմական խորհրդականներին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Սիրիայում իրանցի խորհրդականներ են գտնվում: Եթե ինչ-որ մեկը նրանց վնաս պատճառի, նա ջախջախիչ պատասխան կստանա», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ, Խաթիբզադեն չի հաստատել Սիրիայում Իսրայելի կողմից իրանական ուժերին հարված հասցնելու մասին տեղեկությունը: «Ես չեմ լսել Սիրիայում իրանցի զինվորականների մահվան մասին: Ես չեմ կարող դա հաստատել», – ասել է նա:
Ավելի վաղ Իսրայելի ռազմական խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել էր, որ չորեքշաբթի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները, ի պատասխան Գոլանի բարձունքներում Իսրայելի և Սիրիայի միջև «Ալֆայի» գծի մոտակայքում մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրման, խոցել են «Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատների և Սիրիայի զինված ուժերի ութ թիրախ: