Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից:::
AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։
Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։