ԱՄՆ ԶՈւ կործանիչներն առանց վայրէջքի հեռավոր թռիչք են կատարել մինչև Մերձավոր Արևելք
ԱՄՆ ԶՈւ «B-52H Stratofortress» կործանիչներն առանց վայրէջքի հեռավոր թռիչք են կատարել մինչև Մերձավոր Արևելք, հաղորդում է Известия-ն` հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրությանը:
««B-52H Stratofortress» կործանիչների անձնակազմերը Հյոսիսային Դակոտա նահանգում տեղակայված ռազմկաօդային բազայից նոյեմբերի 21-ին հեռավոր թռիչք են կատարել մինչև Մերձավոր Արևելք` ագրեսիան զսպելու և ԱՄՆ-ի գործընկերներին, դաշնակիցներին աջակցելու պատրաստակամությունը վերահաստատելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:
Բացի այդ, ըստ ամերիկյան գերատեսչության, թռիչքը նպատակ է ունեցել ցուցադրել ԱՄՆ ԶՈւ կարողությունը օպերատիվորեն իր ուժերը աշխարհի ցանկացած տեղ փոխադրելու և ռազմական գործողություններին ինտեգրելու տեսանկյունից:
Թռիչք են կատարել ինչպես կործանիչներ, այնպես էլ`լիցքավորում կատարող ինքնաթիռներ: Ինքնաթիռների թիվը, սակայն, չի նշվել:
Նման թռիչք նախորդ անգամ տարեսկզբին էր իրականացվել:
Նոյեմբերի 17-ին Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Քրիստոֆեր Միլլերը հայտարարել էր, որ մինչև հունվարի 15-ը Աֆղանստանում և Իրաքում գտնվող ամերիկյան ուժերի թիվը երկրների յուրաքանչյուրում կհասցվի 2500-ի. այս պահին Աֆղանստանում տեղակայված է 4500-ի հասնող զորախումբ, իսկ Իրաքում` 3000-անոց:
Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Թրամփը հույս էր հայտնել, որ Աֆղանստանում և Իրաքում գտնվող ամերիկյան ուժերը լիովին դուրս կբերվեն և ԱՄՆ կվերադառնան մինչև 2021 թ. մայիսը: