Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածումը կանխելու նպատակով սահմանված կարանտինը չի երկարացվի, բայց տեղային սահմանափակումներ կկիրառվեն
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածումը կանխելու նպատակով սահմանված կարանտինը դեկտեմբերի 2-ից հետո չի երկարաձգվի, սակայն դրա փոխարեն տեղային սահմանափակումներ կկիրառվեն, հաղորդում է The Guardian-ը` հղում անելով վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հայտարարությանը:
Ըստ այդմ, նոր սահմանափակումներ կիրառելու հարցը նոյեմբերի 22-ին քննարկվելու է նախարարների խորհրդի նիստում, իսկ հաջորդ օրը Բորիս Ջոնսոնը դրանց մասին պետք է հայտարարի խորհրդարանում:
Մասնավորապես, վարչապետը պետք է հստակեցնի, թե ինչպես են բրիտանացիները դեկտեմբերի 25-ին դիմավորելու Սուրբ Ծնունդը: Կանխատեսվում է, որ մարդկանց թույլատրվելու է հավաքվել ոչ մեծ խմբերով, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, տոնակատարությունները նույն ծավալները չեն ունենա: