Փարիզում 23 ցուցարար է բերման ենթարկվել. նրանք բողոքել են իրավապահներին տեսանկարահանելու արգելք նախատեսող օրենսդրական փոփոխության դեմ
Փարիզում 23 մարդ է ձերբակալվել կազմակերպված բողոքի ցույցը ցրելու ընթացքում. քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել խորհրդարանում քննարկվող օրինագծի առնչությամբ, որով, մի շարք փոփոխություններից բացի, կարգելվի իրավապահ մարմինների աշխատակիցներին լուսա/տեսանկարահանել, իսկ նման խախտում թույլ տալու համար նախատեսվելու է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ցույցը ցրելու ընթացքում մեկ ոստիկան թեթև վնասվածք ստացել:
Ցերեկը մեկնարկած հավաքը երեկոյան վերածվել է բախման իրավապահների հետ, որոնք կոչ էին արել ցուցարարներին Տրոկադերոյի հրապարակի երթևեկելի հատվածն ազատել տեղական ժամանակով ժամը 17:00-ից հետո: Երբ ցուցարարները սկսել են այրել աղբամանները, գովազդային վահանակներն ու քարեր և շշեր նետել ոստիկանների վրա, իրավապահները նրանց նկատմամբ ջրցան մեքենաներ են կիրառել, և կես ժամվա ընթացքում հրապարակն ազատվել է ցուցարարներից: