Վաղը հայտարարվում է հիշատակի օր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ավարտին հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքի մասին կասվի նախօրոք, վաղը հայտարարվում է հիշատակի օր:
«Ամեն մեկդ Եռաբլուրում լինի, եկեղեցում լինի, կանգնենք մեր նահատակների հարազատների կողքին, որովհետեւ նրանք մենակ չեն, բոլորդ նրանց կողքին եք: Նրանց հիշատակը միշտ վառ է լինելու, կանցնի ժամանակ նրանց անունները հատիկ-հատիկ կփորագրվեն մեր պատմության դասագրքերում եւ հուշատախտակների վրա»,- հավաքվածներին դիմեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր:
Այդ խնդիրներն են. «Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները եւ նվազագույնի հարցնել մեր կորուստները։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը եւ կձեւավորի նոր իշխանություն»,-ասել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից:
Նշենք, որ Ազատության հրապարակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: