Թուրքիան իր զինվորականներին առաջիկայում կուղարկի Ադրբեջան
Թուրք զինվորականներն առաջիկայում կուղարկվեն Ադրբեջան, ինչի մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստումը»,-ասել է նախարարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրին: Ըստ փաստաթղթի՝ նրանք կարող են այնտեղ գտնվել մեկ տարվա ընթացքում:
Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվա ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ հուշագիր են ստորագրել և որ թուրք զինվորականները ևս մասնակցելու են համատեղ խողաղապահ առաքելությանը: Մինչդեռ Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ հարցով աշխատելու են Ադրբեջանի տարածքում գտնվող մշտադիտարկման կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ առաաքելության մասին խոսք չկա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։