«Էրդողանը, իր փեսային ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացնելով, չի կարող խուսափել տնտեսական խառնաշփոթի համար պատասխանատվությունից». Ալի Բաբաջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր փեսայի՝ ֆինանսների արդեն նախկին նախարար Բերաթ Ալբայրաքին, պաշտոնից հեռացնելով չի կարող խուսափել տնտեսական խառնաշփոթի համար պատասխանատվությունից, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Ալի Բաբաջանը, գրում է Ahval-ը։
Նրա խոսքով՝ Էրդողանը պետք է ազգին բացատրի, թե ինչպես է տնտեսությունը հայտնվել փլուզման եզրին։
«Ձեր ազգականի հեռացմամբ, որին նշանակել էիք նախարար, մեր ժողովրդի վճարած ծանր գնի պատասխանատվությունը չի գոլորշիանում և չի անհետանում»,- հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախկին նախարարը։
Նա նշել է, որ «տնտեսական աճի տեմպերը երկրում ընկնում են, գործազրկությունը աննախադեպ աճ է գրանցում, կյանքի որակը վատթարացել է, բյուջեի պակասորդն աճում է»։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն անսպասելիորեն հրաժարական էր տվել։
«Առողջական նկատառումներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել հինգ տարի պաշտոնավարելուց հետո չշարունակել նախարարի իմ պարտականությունները»,- նշել էր Ալբայրաքը։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին իր ելույթում մեկնաբանել է Թուրքիայի տնտեսական վիճակը` հայտարարելով, որ «Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ական թվականներին»:
«Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ական թվականներին: Կոռուպցիան սկսել է աճել»,-հայտարարել է պրոֆեսորը:
Աճեմօղլուն նշել է, որ ներկայում փոխառության ժամկետների կրճատման պատճառով Թուրքիայի ղեկավարությունը դժվարանում է գումար հայթայթել թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում:
«Իմ խնդիրը վատատեսական պատկեր ստեղծելը չէ, այլ ցույց տալը, որ Թուրքիայի խորքային խնդիրները նախկինի համեմատ էլ ավելի են խորացել: Ինչպե՞ ս ենք նոր ճանապարհի վրա դուրս գալու»,-նշել է տնտեսագետը: