Նիկոլը բերեց երկիրը կապիտուլյացիայի և շարունակում է այն դեպի կործանում տանել, նրա պաշտոնավարման ամեն լրացուցիչ օրը մեր երկիրն ավելի է մոտեցնում անդունդի եզրին. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
Նիկոլի պաշտոնավարման ամեն լրացուցիչ օրը մեր երկիրն ավելի է մոտեցնում անդունդի եզրին, ժամ առ ժամ վերացնում է գոնե ինչ-որ բան փրկելու շանսերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razminfo մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ձերբակալել ու քրեական գործեր են հարուցել Արա Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի, Հայկ Մամիջանյանի, Արթուր Դանիելյանի ու Նարեկ Մալյանի դեմ...
«Ռազմական դրության պայմաններում բլա-բլա-բլա» մեղադրանքով։
Ռազմական դրություն մտցնելու հիմնական նպատակը պետք է լիներ մոբիլիզացիան առավել արդյունավետ կազմակերպելն ու տնտեսությունը պատերազմական ռելսերի վրա դնելը։ Սա դասագրքային ճշմարտություն է։ Ինչպես պարզ դարձավ Մովսես Հակոբյանի երեկվա ելույթից, մոբիլիզացիայի մասը Նիկոլը տապալել էր պատերազմի դեռ 3րդ օրը, իսկ տնտեսությունը 44 օրվա ընթացքում այդպես էլ չկազմակերպվեց։
Բազմաթիվ ինքնակազմակերպված կամավորական խմբեր ստիպված սնունդ, շորեր և այլ իրեր էին հավաքում փախստականների ու բանակի համար, անհատները գիշերային տեսանելիության սարքեր ու նշանոցներ, բժշկական սարքավորում ու ավտոմեքենաներ գնում ռազմաճակատի համար, քողարկիչ ցանցեր գործում, իսկ պետական ապարատը մեծ մասամբ կոմայի մեջ էր...
Ռազմական դրությունն աշխատեց միայն ու միայն տեղեկատվական դաշտում սթափ ձայները լռեցնելու համար, մարդկանց բերանը փակելու համար։
* * *
Պատերազմի սկզբում Սաղաթելյան Արան Ստեփանակերտում էր «Արմնյուզի» թիմի հետ, հետո Սյունիքում էր, իսկ հոկտեմբերի վերջին կամավորագրվեց, զենք վերցրեց, նորից մեկնեց Արցախ։ Միջազգային հարթակներում տեղեկատվական հոսքերի կառավարման ահռելի փորձ ունեցող եզակի հայ մասնագետներից մեկը գնաց ֆրոնտ։
Երկար փորձում էի համոզել, որ մեծ անելիք ունի մեդիադաշտում (հիշեք խայտառակ ոչ հայանպաստ վիճակը արտասահմանյան մեդիաներում), ասաց. «Այս իշխանության օրոք անիմաստ է։
Ռազմաճակատում ավելի մեծ օգուտ կտամ, հեչ չլինի՝ գոնե որպես վարորդ»։
Իր ասածը ես էլ եմ զգացել պատերազմի ամբողջ ընթացքում։ Խայտառակ անկազմակերպ աշխատանք պետկառավարման բոլոր օղակներում, իրար հակասող ու հիմնականում ուշացած քայլեր, վատ ձևակերպած խնդրանքներ պետական հիմնարկներից, ինչ-որ բան ես առաջարկում՝ տարբեր ռանգի պաշտոնյաներից յուրաքանչյուրը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը և այլն, և այլն։
Ավելին՝ պատերազմի հենց այն օրերին, երբ Արան Արցախում էր, մերձիշխանական շրջանակներից մի կեղծ տեսանյութ նետեցին դաշտ, որով «ապացուցում էին», թե Արան իբր հակաիշխանական ֆեյք պրոֆիլներ է աշխատացնում ցանցում։ Այն կարգի խայտառակ կիքսերով էր այդ կեղծիքը «եփած», որ հրապարակողը այն ստիպված եղավ հեռացնել։
* * *
Այսօր մի բան է պարզ. Նիկոլը բերեց երկիրը կապիտուլյացիայի և շարունակում է այն դեպի կործանում տանել։ Դուք կարող եք այս լուսանկարում պատկերված մարդկանց չսիրել, վիճել իրենց հետ, բայց փաստ է, որ Նիկոլի պաշտոնավարման ամեն լրացուցիչ օրը մեր երկիրն ավելի է մոտեցնում անդունդի եզրին, ժամ առ ժամ վերացնում է գոնե ինչ-որ բան փրկելու շանսերը, ու նշանակում է, որ այս տղերքի պայքարն արդար է։