Թրամփի վարչակազմը դեմ է COVID-19-ի դեպքերի աճի պատճառով դպրոցները փակելուն և սահմանափակումներ մտցնելուն
Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում երկրորդ անգամ սահմանափակող միջոցառումներ մտցնելուն եւ դպրոցները փակելուն՝ գործողություններ, որոնց անհրաժեշտության մասին արդեն հայտարարել են մի քանի նահանգների իշխանությունները՝ դա պատճառաբանելով ամերիկացիների շրջանում կորոնավիրուսի տարածումը կասեցնելու փորձով։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը, չնայած վիճակագրությանը, որը վկայում է Միացյալ Նահանգներում COVID-19-ով վարակումների թվի ռեկորդային մակարդակի մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Փենսը հայտարարությունը կատարել է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի ճեպազրույցի ժամանակ։ Ընդ որում՝ փոխնախագահն ընդունել է, որ COVID-19-ի թեստավորման դրական արդյունքներն աճում են ամբողջ երկրում։
Միաժամանակ ի հայտ են եկել Կոնգրեսում դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ համաձայնության հասնելու հնարավորության նշաններ օրինագիծ ընդունելու հարցով, որով ֆինանսավորվելու են ամերիկյան տնտեսությունն ու ընտանիքները, որոնք տուժել են համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամից։
Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հինգշաբթի հայտարարել էր, որ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըկՔոնելին համաձայնվել է վերսկսել դեմոկրատների հետ բանակցությունները օգնության հերթական ռաունդի շուրջ, հայտնել էր CNBC հեռուստաալիքը։