«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» վերսկսում է Երևան չվերթները
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը (ՈւՄԱ) հայտնել է դեկտեմբերի 4-ից Երեւան չվերթները վերսկսելու մասին։
««Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ուրախությամբ հայտնում է 2020 թվականի դեկտեմբերի 4-ից Երեւան չվերթները վերսկսելու հնարավորության մասին։ Երկարատեւ դադարից հետո վերամեկնարկը հնարավոր է դարձել տարածաշրջանում իրավիճակի կայունացման շնորհիվ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
ՈւՄԱ-ն նախատեսում է շաբաթը 2 անգամ թռիչքներ իրականացնել «Զվարթնոց» օդանավակայան եւ հետադարձ չվերթներ Կիեւ։ Ընկերությունը շարունակում է հետեւել տարածաշրջանում իրավիճակին եւ երկրում համաճարակային իրավիճակին։ «Ինչպես հայտնի է, հիմա գոյություն ունեն տարբեր երկրների սահմանների հատման համաճարակաբանական սահմանափակումներ։ Ճանապարհորդությունների վերաբերյալ հրահանգներին կարելի է ծանոթանալ ավիաընկերության կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՈւՄԱ ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր Երեւան թռիչքների դադարեցման մասին՝ կապված Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ։