Հակապետական մարդկանց իշխանության թողնելը ողբ է․ լավ, ինչու՞ եք փորձում այս հասարակությանը որակազրկել, արտաքին աշխարհին հասկացնելով, թե Հայաստանը վաղուց կապիտուլյացիա էր երազում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Վերջին օրերին, հետևելով Նիկոլ Փաշինյանին իրենց պաշտպանության տակ առած իմքայլականների արտահայտած մտքերին, պարզապես ապշում ես։ Փողոցից պատգամավորի աթոռին բազմած մարդիկ այսօր էլ միայն փողոցի մասին կարող են փիլիսոփայել, իմա՝ Փաշինյանի հրաժարականը նպատակահարմար չէ, քանի որ հրապարակում քիչ մարդ կա։ Երկիրն աղետի առջև կանգնեցնելը՝ հեչ, անվտանգությունը զրոյացնելը՝ հեչ, անգամ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելը՝ հեչ, էականն այն է, որ փողոցներում ու հրապարակներում քիչ մարդ կա։
Եթե Նիկոլ Փաշինյանի պաշտպանության հարցը թողել են միայն «շիշ բռնողի» ուսերին, ամեն ինչ հասկանալի է արդեն։ Դեռ ավելին՝ իշխանության պատվերով անհասկանալի սոցհարցումներ են հրապարակում, թե իբր մարդիկ կողմ են հող հանձնելուն, «բեմադրած» հավաքներ են անում, որտեղ հայերեն պարզագույն մտքեր չհասկացողները բոցաշունչ ելույթներ են ունենում... Լավ, ինչու՞ եք փորձում այս հասարակությանը որակազրկել, արտաքին աշխարհին հասկացնելով, թե Հայաստանը վաղուց այսպիսի որոշում էր երազում։
ՈՒզում եք կտրել անգամ վերջին հնարավորությունը, որ խելքը գլխին բանակցողը վաղն այս փաստաթղթում հայանպաստ մի կե՞տ էլ չկարողանա ավելացնել։ Թե՞ ուղիղ տեքստով թշնամուն ուղերձ եք տալիս, որ ամեն ինչ մեզ ձեռնտու է, մեր հասարակությունն էլ համաձայն է, ուր էիք՝ չկայիք, գայիք, այդ դժգույն ու դժբախտ տարածքները վերցնեիք, որպես բոնուս Մեղրին էլ կտայինք, որ շատ եք ուզում, ողջ Սյունիքն էլ։
Դուք լրի՞վ անուղեղ եք, թե՞ թմրած ուղեղներդ այլևս չեն կարողանում երկու բառ իրար կապել։ Ոմանք էլ, իբր անհանգստացած եղածով, հայտարարում են, թե պիտի առաջ նայել, հայրենիքի մասին մտածել։ Ո՞ր հայրենիքի, որը գրչի մի հարվածով տվեցիք թշնամու՞ն։ Ինչպե՞ս առաջ նայել, առանց եղածը գնահատելու և այս ողբերգության պատասխանատուներին առնվազն պետական համակարգից վռնդելու։
Ասում են՝ հերիք է Խորենացու ողբը շարունակենք։ Հակապետական մարդկանց իշխանության թողնելն է այդ ողբի շարունակությունը, պատերազմի այս արհավիրքների մեջ ձեր իշխանության ներսում պաշտոնի համար կռվողներին պահելն է ողբերգություն, ձեր ատելության սերմերը, ներսի չարությունը տարածելու համար հերթական ժամանակ տալն է ողբերգություն։ Ձեր քաղաքական ուժի գոյությունն է ողբերգություն ողջ ազգի համար, գոնե կարողացեք առանց ցնցումների հեռանալ, միևնույն է, այսպես, թե այնպես, պատմության աղբանոցում եք հայտնվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: