Բունդեսթագը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել արգելել «Գորշ գայլեր» թուրքական խմբավորումը
Բունդեսթագը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել արգելել «Գորշ գայլեր» թուրքական աջծայրահեղական խմբավորման մասնաճյուղերը, փոխանցում է DW-ն։
Խորհրդարանը ձայների զգալի մեծամասնությամբ ընդունել է ՔԴՄ/ՔՍՄ քրիստոնեական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչների, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների եւ «կանաչների» համատեղ հայտարարությունը կառավարությանն ուղղված պահանջով՝ հետեւել Գերմանիայում «Գորշ գայլերի» գործունեությանը եւ «նրանց վճռականորեն հակազդել իրավական պետության միջոցներով»։
Փաստաթղթում շեշտվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը հիմնադրվել է ազգայնական եւ ռասիստական գաղափարափոսության վրա, թշնամաբար է տրամադրված ժողովրդավարության նկատմամբ եւ սասանում է Գերմանիայի ներքին անվտանգությունը։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «Գորշ գայլերը» կապեր է պահպանում Ազգայնական շարժում կուսակցության հետ, որը Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» իսլամիստական կուսակցության կազմում է իշխող կոալիցիան։
Ըստ գնահատականների՝ Գերմանիայի տարածքում կա «Գորշ գայլեր» շարժման մոտ 11 հազար անդամ։ Նոյեմբերի սկզբին այս խմբավորումն արգելվել է Ֆրանսիայում՝ խտրականության եւ ատելության տարածման ու բռնության գործողություններին մասնակցության պատճառով։ Գերմանիայի Բունդեսթագը նոյեմբերի 18-ին ընդունած հայտարարությամբ ողջունել էր Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի օրինակին կհետեւեն նաեւ մյուս պետությունները։