Օբաման նշել է իր նախագահության գլխավոր անհաջողություններից մեկը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատմել է իր նախագահության գլխավոր անհաջողությունների մասին, այդ թվում՝ «սիրիական ողբերգության» եւ Սիրիան միասնական պահպանելու հարցում միջազգային հանրությանը համոզելու իր անհաջող փորձերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արտաքին քաղաքականության ոլորտում ինձ մինչ հիմա տառապանք է պատճառում Սիրիայում ողբերգությունը։ «Արաբական գարնան» ժամանակ (2011 թվականից արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած իրադարձություններ, որոնք ուղեկցվել են ցույցերով եւ հուզումներով) ուշադրության կենտրոնում հայտնվեց Եգիպտոսը, այնուհետեւ Լիբիան, մինչդեռ սկսում էր փլուզվել նաեւ Սիրիան։ Ես ի վիճակի չէի գրավելու միջազգային հանրությանը, որպեսզի Սիրիայի փլուզումը թույլ չտրվեր։ Ես չեմ կարողանում դադարել մտածելուց մարդկային տառապանքների մասին, որոնք դրան հետեւեցին»,- ասել է Օբաման գերմանական ntv հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նախկին նախագահը անհաջողություններին է դասել նաեւ այն, որ իրեն չի հաջողվել սեփական հանրաճանաչությունը տարածել Դեմոկրատական կուսակցության վրա։ «Եվ նույնիսկ իմ վերընտրվելուց հետո մենք հետ չբերեցինք Կոնգրեսում մեծամասնությունը։ Օրենքներ ընդունելիս իմ ձեռքերն ավելի ամուր էին կապված, քան ես կցանկանայի»,- նշել է նա։