«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի է ունեցել «Փոխկախվածություն» ֆիլմի երեւանյան պրեմիերան
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին անցկացվել է «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։
Տասնմեկ կարճ ֆիլմից բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018թ.-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով, հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակը։
Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին(Մարոկկո), Ասա Հյորլեյ ֆսդոթիրը (Իսլանդիա),Սալոմե Լամասը (Պորտուգալիա), Բեթինա Օբերլին (Շվեյցարիա), Շահրբանու Սադաթը (Աֆղանստան), Մահամաթ-Սալեհ Հարունը (Չադ), Լեոն Վանը (Չինաստան), Նիլա Մադհաբ Պանդան (Հնդկաստան), Դանիելա Թոմասը (Բրազիլիա), Սիլվիո Սոլդինին (Իտալիա), Քարին Ուիլյամսը (Նոր Զելանդիա)։
Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։
«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Փոխկախվածություն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019թ. հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։
ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։
«Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի և ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։