Ամերիկյան Նևադայի ամենամեծ շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչները երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, հավաքվել են Քլարք շրջանի կառավարական շենքի մոտ, որտեղ Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը, հաղորդում է «Ասպարեզը»:
Քլարքի շրջանը Նեւադայի ամենամեծ շրջանն է՝ շուրջ 2,3 միլիոն բնակչությամբ։ Այս շրջանը նաեւ հայտնի է ամերիկահայերի բավական մեծ համայնքով ու մի քանի ակնառու ամերիկահայերով:
Հանձնակատարներ Մայքլ Նաֆթն ու Ջասթին Ջոնսը հանդես են եկել հայտարարությամբ հաջակցություն Արցախի` ճանաչելով հայերի կրած մարդասիրական ճգնաժամն ու ներկայացնելով ընդունված հռչակագիրը։
Հռչակագիրը ներկայացվել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադրուշան Էնդի Արմենյանին եւ Նեւադայի Հայ դատի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննեսյանին։ Հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանձնակատարների խորհրդին Արցախի բնակչությանը հասկանալու ջանքերի եւ նրանց ինքնորոշման իրավունքի հանդեպ հավատի համար։
Հռչակագրի հայտարարմանը ներկա էին նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայկական եկեղեցու եւ կազմակերպությունների ներկայացուցիչները։
Նշվում է, որ COVID-19-ով պայմանավորված իրավիճակի պատճառով կառավարության շենքում մարդկանց քանակը սահմանափակ էր, ուստի մարդիկ հավաքվել էին դրսում։