Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա. Գործն ավարտին հասցնելու պահը
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը միայն հաղթանակի դեպքում խմբում կգրավի առաջին տեղն ու կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր, իսկ մակեդոնացիներին կբավարարի նույնիսկ ոչ ոքին: Վրաստանի հավաքականի դեմ 3 օր առաջ կայացած խաղում Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ չեզոք դաշտերում խաղալու ու պատերազմական իրավիճակում ծանր հոգեբանական վիճակում գտնվելու պայմաններում ևս կարող է իր մեջ ուժ գտնել ու ունենալ վերջին հաղթական քայլը կատարելու վճռականություն:
Պատմություն
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները նախկինում հանդիպել են 9 անգամ: Այդ խաղերում հայկական թիմը տարել է 3 հաղթանակ, կրել 4 պարտություն, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել Եվրո-1996-ի ընտրական փուլում: Երևանյան խաղում գրանցվել է 2:2 հաշիվը, իսկ պատասխան մրցավեճում Հայաստանի հավաքականն արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Այնուհետև թիմերը հանդիպել են ԱԱ-2006-ի և Եվրո-2012-ին ընտրական փուլերում ու 2018 թվականին անցկացված Ազգերի լիգայի առաջին մրցաշարում: Թիմերի նախորդ դիմակայությունը տեղի է ունեցել Ազգերի լիգայի այս մրցաշարում: Սեպտեմբերի 5-ին Սկոպյեում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 1:2 հաշվով:
Կորուստներով, բայց հաղթական տրամադրվածությամբ
Հայաստանի հավաքականի հիմնական խաղացողներից թիմի հետ չեն Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ինչպես նաև բելառուսական «Նեմանի» կազմում արդյունավետ խաղ ցուցադրող Գեղամ Կադիմյանը: Հանդիպմանը հարցականի տակ է նաև թիմի նորեկ Վբեյմար Անգուլոյի մասնակցությունը: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը Վրաստանի դեմ նախորդ խաղում ապացուցեց, որ կարող է կազմակերպված խաղ ցուցադրել ու հաղթել նաև կադրային լուրջ խնդիրների պայմաններում:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նույնպես ունի կորուստներ: Էստոնիայի դեմ 3 օր առաջ կայացած հաղթական խաղում (2:1) թիմը հանդես չեկավ հիմնական կազմով:
Մակեդոնական մամուլի համաձայն՝ վնասվածքի ու այլ պատճառներով այս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին չեն օգնի թիմի առանցքային խաղացողներից Գորան Պանդևը («Ջենոա»), Էզգիան Ալիոսկին («Լիդս»), Էլիֆ Էլմասը («Նապոլի»), Էնիս Բարդին («Լևանտե»), Ստոլե Դիմիտրիևսկին («Ռայո Վալյեկանո») և Արիյան Ադեմին («Դինամո Զագրեբ»): Թիմի ևս 2 առանցքային խաղացողներ Բոբան Նիկոլովն ու Ստեֆան Սպիրովսկին խաղը բաց կթողնեն դեղին քարտերից որակազրկման պատճառով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: