ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար:
Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Դա ինքնասպանություն կլիներ։ Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է՝ պայմանավորվածությունները պահել կամ չպահելը, սակայն պարտավորությունները չկատարելը մեծ սխալ կլիներ:
«Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է։ Հայաստանն անկախ, սուվերեն պետություն է և իրավունք ունի լուծել իր ներքին խնդիրներն այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում»,- ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի պետական կառույցները չեն կարող թույլ տալ ներսից հասարակության պառակտում։ Հայաստանը գտնվում է բավական բարդ վիճակում և չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի և իշխանության կազմակերպում փողոցի օգնությամբ։
«Դա լավ բանի չի բերում։ Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Կոնսոլիդացնել է պետք հասարակությունը, այլ ոչ թե փլուզել», – ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող նման բան թույլ տալ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա անթույլատրելի է, ոչ արդյունավետ և չափազանց վտանգավոր։