Իգոր Անգելովսկի. Հայաստանի դեմ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար
Ֆուտբոլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման մասին:
«Ես այն մարզիչը չեմ, որը հաշվարկներ է անում, այդ պատճառով չգիտեմ, թե ինչպես են խաղում ոչ ոքիի համար: Դա իմ մեղքն է, այդ պատճառով մենք կխաղանք միայն հաղթանակի համար: Կատարել ենք հրաշալի ընտրություն, և այդ խաղացողները հենց այնպես չեն թիմում: Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Դրական արդյունքը մեզ դուրս կբերի ավելի բարձր դիվիզիոն, ինչն այս պահին առաջնային է մեզ համար: Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ խաղացողները հաղթեն»,- մարզիչի խոսքը փոխանցում է Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին: