Պատրուշևը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներն արժանապատվորեն անցնում են պանդեմիայի շրջանը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն առաջարկել է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հավաքական մոտեցումներ մշակել:
«Նախատեսվում է պանդեմիայի հետեւանքների բազմակողմանի վերլուծություն, կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության մոտեցումների մշակում»,-ասել է Պատրուշեւը տեսահամաժողովի ռեժիմով ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ սուր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ կորոնավիրուսի պանդեմիան: Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ երկրներն «արժանապատվորեն անցնում են պանդեմիայի շրջանը»:
Պատրուշեւի կարծիքով՝ «պանդեմիայի հետեւանքները հաղթահարելու համար կարեւոր է փոխանակվել ակտուալ տեղեկատվությամբ, անհրաժեշտ աջակցություն տրամադրել միմյանց, այդ թվում՝ դեղորայք, անձնական պաշտպանության միջոցներ, պատվաստանյութի մշակում եւ փորձարկում, ինչպես նաեւ խորհրդատվության անցկացում ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիներին բուժօգնություն տրամադրելու համար»:
ԱԽ քարտուղարը նշել է, որ այսօրվա նիստի ժամանակ բարձրացվում են ՀԱՊԿ անդամ երկրների կողմից «մարտահրավերներին եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին հակազդելու ակտուալ հարցեր»: «Նիստի արդյունքներով ավելի քան 10 փաստաթուղթ կառաջարկենք քննարկել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի ժամանակ, այդ թվում 2 միջնաժամկետ փաստաթուղթ. 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարությունը, 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը»,-նշել է Պատրուշեւը: Նա նաեւ կարեւոր է համարել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկչական եւ դրա հետ կապված ծայրահեղական գաղափարախոսության տարածման նպատակով համագործակցության ամրապնդման եւ ջանքերի համակարգման վերաբերյալ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունման հարցը: