Թուրքիայում հայտարարել են մոտալուտ ժամանակում «փլուզվող» ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին
Թուրքիան շուտով դուրս կգա ՆԱՏՕ-ից, իսկ կազմակերպությունը կարելի է անվանել «փլուզվող»: Նման կարծիք է հայտնել Եվրասիական կառավարության ասոցիացիայի ղեկավար Հասան Ժենգիզը «Լենտա»-ի հետ զրույցում:
«ՆԱՏՕ-ի ժամկետը սպառվել է, ուղեղային համակարգը մահացել է: Այդ մասին ասել է եւ՛ Մակրոնը, եւ՛ Մերկելը մեկ տարի առաջ: Շուտով ՆԱՏՕ-ն կփլուզվի, նրանք եւս հասկանում են, որ չեն կարող ապահովել իրենց դաշնակիցների անվտանգությունը»,-հայտարարել է նա:
Նա կանխատեսել է ՆԱՏՕ-ի փլուզումը 2-3 տարվա ընթացքում եւ նշել, որ Ռուսաստանը նոր ռազմավարական պակտ կստեղծի, որում կներառվի նաեւ Թուրքիան:
Անցած տարի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «ուղեղը մահացել է»: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն երես է թեքում Եվրոպայից: Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ ժամանակն է, որպեսզի Եվրոպան արթնանա եւ սկսի հզորանալ, քանի որ այժմ գտնվում է «անդունդի եզրին»: