Էրդողանը Պոմպեոյի հետ հանդիպելու ժամանակ չի գտել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել շփվելու հանրապետություն ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թե՛ պետքարտուղարը, թե՛ թուրք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ արտգործնախարար (Մեւլութ) Չավուշօղլուն եւ նախագահ Էրդողանը, կցանկանային, որ դա ստացվեր։ Արդյունքում չի ստացվել։ Վերջին հաշվով, չի ստացվել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոփոխվել է եւ չի կարողացել տեղավորվել պարամետրերի մեջ, որոնք մենք դրել էինք պետքարտուղարի այցի հիմքում»,- Ստամբուլում կայացած ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Նա ընդունել է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ կան, բայց տեղի ունեցածի պատճառին առնչվող հարցերին պատասխանել է, որ պատճառը թուրք առաջնորդի աշխատանքային ժամանակացույցն էր։
«Չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները մերժված լինելու զգացողություն են ունեցել։ Վերջնարդյունքում դա ժամանակացույցի հարց էր։ Ըստ էության, թուրքերը շատ լավ գիտեն, թե ինչպիսին են մեր տեսակետները այն հարցերի շուրջ, որոնցով նրանց հետ տարաձայնություններ ունենք»,- հավելել է դիվանագետը։
Նա հստակեցրել է, որ խոսքը իրադրության տարբեր ընկալման մասին է այնպիսի տարածաշրջաններում, ինրպես Արեւելյան Միջերկրական ծովը, Լիբիան եւ Սիրիան։
Պոմպեոն այցով Ստամբուլ էր ժամանել, որտեղ պետք է հանդիպեր Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդումիղեոսի հետ։ Ընդ որում՝ նրա ժամանակացույցում նախատեսված չէր այցելություն Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամն առաջացել է Անկարային նորագույն ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումները սկսելուց հետո։ Վաշինգտոնը պահանջել էր գործարքից հրաժարվել։ Միացյալ Նահանգները դրա փոխարեն առաջարկում էր ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ։ Հակառակ դեպքում ամերիկացիները սպառնացել էին հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել թուրքերին F-35 նորագույն կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ ահմանել CAATSA-ի համաձայն («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք)։ Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ։