Աթենքում հայտնաբերել են Հերմես աստծո հնագույն մարմարե քանդակի գլուխը
Աթենքում հայտնաբերվել է Հերմես աստծո մարմարե քանդակի գլուխը, որը ստեղծվել էր մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև 3-րդ դրի սկիզբն ընկած ժամանակահատվածում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Հերմեսի մարմարե գլուխը հայտնաբերվել է անցյալ ուրբաթ մայրաքաղաքում կոյուղու նոր ցանց կառուցելու նախագծի շրջանակներում իրականացվող պեղումների ժամանակ: Կառուցման աշխատանքներն իրականացվում են նախարարության հնությունների հարցերով տեսչության հսկողության ներքո:
Գերատեսչությունից նշում են, որ քանդակում Հերմեսը պատկերված է հասուն տարիքում: Ենթադրվում է, որ հայտնաբերված մարմարե գլուխը սյունաշարի մի մաս է կազմել:
Հերմեսը հին հունական առասպելաբանության մեջ առևտրի և երջանկության, խորամանկության, երիտասարդության և ճարտասանության աստվածն է: