Իրանի հյուսիսարևմտյան սահմանները չեն փոխվել. Թեհրան
Իրանի հյուսիսարևմտյան սահմանները չեն փոխվել: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանում հայտարարված բովանդակությունից դուրս որևէ փոփոխություն:
«Անցյալ շաբաթ մենք բախվեցինք ԶԼՄ-ների անհիմն հայտարարությունների, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից հետո տարածաշրջանի քարտեզի վրա փոփոխություններ են տեղի ունենալու:
Այս կապակցությամբ հրապարակվել են մի քանի կեղծ քարտեզներ: Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է ճգնաժամի ցանկացած վերջնական լուծում և ձգտել է լուծել այն խաղաղ ճանապարհով վերջին երեք տասնամյակների ընթացքում: Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է այս գործընթացին», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը, հաղորդում է Mehr-ը:
«Քարտեզում փոփոխություններ չեն կատարվել, և մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում այլևս չեն լինի թաքֆիրական և ահաբեկչական խմբավորումներ», – ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կծառայի ողջ տարածաշրջանի շահերին:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Իրանի դերի և թուրք խաղաղապահներ տարածաշրջան գործուղելու մասին՝ նա ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի բոլոր իրադարձություններում խաղացել և շարունակելու է ունենալ ռազմավարական դեր: Այս հակամարտության միակ մշտական լուծումը երկրների ինքնիշխանությունն է և սահմանների հարգումը, և մենք ողջունում ենք այն ամենը, ինչ օգնում է այս դիրքորոշմանը»: