Ռումինիայի նախագահը Մոլդովա կժամանի Սանդուի պաշտոնակալությունից հետո
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը պաշտոնական այցով Մոլդովա կժամանի «Աշխատանք և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի՝ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Այդ մասին հաղորդում է Քիշինևում Ռումինիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Աշխատանք և համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել է այն մասին, որ նոյեմբերի 16-ին Սանդուն և Յոհաննիսը հեռախոսազրույց են ունեցել:
«Ռումինիայի նախագահը և Մոլդովայի նախագահը հեռախոսազրույցի շրջանակներում պայմանավորվել են, որ երկկողմ հարաբերությունների գլխավոր նպատակը կդառնա ռազմավարական գործընկերության ընդլայնումն ու խորացումը…
Դրա համար առաջին քայլը դառնալու է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի պաշտոնական այցը Մոլդավա, որը նա Մայա Սանդուի հրավերով կկատարի նրա՝ պաշտոնն ստանձնելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղված է Քիշնևում Ռումինիայի դեսպանության Facebook-յան էջում:
Մոլդովայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 1-ին, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ուստի նոյեմբերի 15-ին երկրում անցկացվել Է երկրորդ փուլը: Ընտրությունների երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Իգոր Դոդոնը և նախկին վարչապետ, «Աշխատանք և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն:
Սանդուն Մոլդովայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տանում ձայների 57,75 տոկոսով, Դոդոնը հավաքել Է ձայների 42,25 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 100 տոկոսը հաշվելուց հետո՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: