Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է Լեռնային Ղարաբաղում հաջորդ պատերազմի կայծ դառնալ. Asia Times
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված գործարքով, որը փաստացիորեն վերջ դրեց տարածաշրջանի մեծ մասում հայերի` հազարամյակներով ներկայությանը: Այս մասին ասված է Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանի հոդվածում, որը հրապարակվել է հոնկոնգյան Asia times պարբերականում:
Հոդվածագիրը մասնավորապես նշում է, որ ռազմաճակատում արդեն կորցրած հողերից բացի, գործարքը հայերին թելադրում է մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին զիջել այլ տարածքներ, որոնցում հայերը թողնում են հազարավոր սրբավայրեր: Հաշվի առնելով ադրբեջանցիների փորձը մշակութային ժառանգությունը ջնջելու գործում՝ երկարամյա խաղաղության տեսլականը հավանական չի թվում:
Մաղաքյանը նշում է, որ ինքը վերջին 15 տարիներին զբաղվում է մշակութային բնաջնջման ուսումնասիրությամբ, որը հայ-ադրբեջանական հակամարտության ամենաթույլ ուսումնասիրված ասպեկտներից մեկն է:
Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի հնագույն անցյալը կեղծ պնդում է: Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը մերժել է Մաղաքյանի ուսումնասիրությունները ՝ դրանք բնորոշելով որպես «Հայաստանի ֆանտազիայի արդյունք»:
«Նախիջևանի 89 միջնադարյան եկեղեցիները, 5840 խաչքարերը և ավելի քան 22 000 պատմական տապանաքարերը երբեք գոյություն չեն ունեցել» առաջին հերթին, քանի որ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հայերը բնիկ չեն Կովկասում:
Մինչև 1997 թվականը այս հուշարձանները պահպանվում էին Ադրբեջանում, որը դրանց բնորոշում էր որպես «աղվանական»: 1950-ականներից, Ադրբեջանը հայերի՝ հին ազգ լինելու փաստին ձեռնոց նետելու համար սկսել էր «աղվանացնել» հայկական քրիստոնեությունը` հայտարարելով, որ այն գողացված է մինչև 7-րդ դարը ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասում գոյություն ունեցած Աղվանքի թագավորությունից:
Միգուցե մի օր հայերը կարող են հաշտվել այն մտքի հետ, որ իրենց վաղ ժառանգության մեծ մասը ջնջվել է: Այնուամենայնիվ, 5 հինավուրց արցախյան հուշարձաններ` Ամարասը, Դադիվանքը, Գտչավանքը, Տիգրանակերտը և Ծիծեռնավանքը հայերի համար հատկապես սրբազան են, դրանց բնաջնջումն անանցանելի սպի կդառնա գալիք սերունդների համար:
Այս բոլոր հայկական սրբազան վայրերը գտնվում են ներկայիս կամ առաջիկա հայ-ադրբեջանական շփման գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նրանցից ոչ մեկը տեղակայված չէ ռազմավարական տարածքներում: 1990-ականների ղարաբաղյան առաջին պատերազմում պարտված, սակայն երկրորդում հաղթած Ադրբեջանը պետք է խորապես մտածի կանխելու երրորդ պատերազմը:
Ինչքան էլ ցավալի լինեն հայերի համար մարդկանց, տների, հողերի, լեռների, բազմաթիվ խաչքարերի և ավելի պակաս հայտնի բազմաթիվ եկեղեցիների կորուստները, այս 5 սրբավայրերի պահպանումը կարող է ամոքել հայերին:
«Ես ողորմություն չեմ խնդրում: Ես առաջարկում եմ խաղաղության հավանական ուղի»,-եզրափակում է իր հոդվածը Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։