ՌԴ ՊՆ․ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջ շփման գծում
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման ամբողջ գծում»,- նշել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ կողմերի շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջաններում ռուս խաղաղապահների դիտակետերի տեղակայումն ավարտված է։ Նրանք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ։
Գերատեսչությունից հավելել են, որ նոյեմբերի 10-ից Ռուսաստանի ՌՏՈՒ ինքնաթիռներով խաղաղապահների եւ տեխնիկայի տեղափոխման ավելի քան 140 չվերթ է իրականացվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ավելի քան 470 փախստականներ Լեռնային Ղարաբաղ են վերադարձել կիրակի։
Ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 475 փախստականներ, նշել է Կոնաշենկովը։
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նոյեմբերի 14-ից իրենց բնակության վայրեր են վերադարձել ընդհանուր 725 մարդիկ, որոնք նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացել էին ռազմական գործողությունների պատճառով։