National Interest․ Թուրքիան Ս-400-ի կարիք ուներ կործանիչների օդաչուների պակասի պատճառով
2016 թվականին չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի կառավարության կողմից F-16-ի հարյուրավոր օդաչուներին հեռացնելը լրջորեն սասանել է Թուրքիայի ռազմական ներուժը, National Interest-ի համար գրած իր հոդվածում նշում է ռազմական վերլուծաբան Մայքլ Պեկը։
«Կործանիչների օդաչուները էժան չեն։ ԱՄՆ ՌՕՈՒ գնահատականներով՝ այնպիսի կործանիչների, ինչպիսին F-35-ն է, կառավարմանը նոր օդաչուի ուսանումը արժե 11 մլն դոլար, այն դեպքում, որ բազմամյա վետերան օդաչուի փորձն անգին է։
Այդուհանդերձ, հանուն քաղաքականության Թուրքիայի կառավարությունը այնքան խիստ զտեց իր ռազմաօդային ուժերը, որ հազիվ թե կարողանա կառավարել իր F-16 կործանիչները։
Պետական հեղաշրջման չհաջողված փորձից հետո Թուրքիայի կառավարությունը ազատել է տասնյակ հազարավոր զինծառայողների։
Այն բանից հետո, երբ հեռացվեց ավելի քան 300 օդաչու, Թուրքիայի կառավարությունը պակասը լրացնելու համար սկսեց օգնություն փնտրել արտասահմանում։ Բայց Միացյալ Նահանգները մերժեց հրահանգիչներ ուղարկելու Թուրքիայի խնդրանքը։ Թուրքիան այնուհետեւ դիմեց Պակիստանի օգնությանը, որը նույնպես F-16-ներով թռիչքներ է կատարում, բայց դա էլ չգործեց։
Վերլուծաբանի խոսքով՝ ՌՕՈՒ թուլացումը եւս կարող է լինել այն բանի պատճառը, որ Թուրքիան անսպասելիորեն սկսեց հետաքրքրվել հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ։
Թուրքիան գնեց ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած Վաշինգտոնի մտավախություններին եւ պատժամիջոցների սպառնալիքներին։ Անկարան նաեւ Eurosam հրթիռների ֆրանս-իտալական արտադրողի հետ համաձայնագիր է ստորագրել մեծ հեռահարության զենիթայիրն հրթիռների մշակման մասին։