Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը. Գերագույն հոգևոր խորհուրդ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում եւ Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
««1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, ﬔր հավատավոր ժողովուրդը հայրենիքում եւ սփյուռքում ապրեց անհուն ցավով եւ աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի Պաշտպանության բանակին եւ ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել ﬔր զինվորի հաղթական ոգուն։
2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը եւ տարածաշրջանում տեւական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետեւանքները եւ առկա անորոշությունները, Արցախի ﬕ հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է ﬔր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ եւ սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջեւ։
3. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ ﬔր զգացմունքներին եւ առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսեւորմամբ հարգել հիշատակը ﬔր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն ﬔր հայրենիքի, եւ զորակցել նրանց ընտանիքներին ու ﬔր ողջ ժողովրդին, ինչպես նաեւ պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին աﬔն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:
4. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման եւ ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաեւ հրաժարականների հավանականությունը։
5. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը եւ քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել ﬔր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության եւ մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը եւ բոլոր հասարակական-քաղաքական ﬕավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որեւէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել ﬔր ժողովրդի ու Եկեղեցու կողﬕց։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ի գին աﬔնի պահպանել ազգային ﬔր ﬕասնականությունը եւ հեռու ﬓալ այն խաթարող քայլերից։
6. Հետեւելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երեւանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին եւ ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին եւ ընդդիմությանը՝ զերծ ﬓալ ատելություն եւ թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսեւորում, կորստի ցավը կրող ﬔր ժողովրդին առավել վհատեցնող եւ բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի եւ որեւէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միեւնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որեւէ բռնաճնշում:
7. Մեր հորդորն է Ազգային ժողովին եւ հատկապես ﬔծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսեւորելու եւ վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին եւ հաղորդ հանրության հիասթափություններին եւ պահանջներին՝ գործել անձնական եւ կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:
8. Աﬔնքիս սրբազան պարտքն է Հայաստանում եւ սփյուռքում ﬔր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսեւորենք նաեւ ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը եւ Արցախի իշխանություններին վերակազմակերպելու ﬔր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու ﬔր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։
9. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում ﬔր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարﬕններին եւ սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, աﬔն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքով հետագա ավերից:
10․ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում ﬕասնականության ու հաﬔրաշխության մթնոլորտի հաստատման եւ անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։
Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսեւորած մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին եւ աշխարհազորայիններին։ Նաեւ աղոթում ենք ռազմական հանցավոր գործողությունների հետեւանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը եւ հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները եւ միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը եւ լուսավոր գալիքը մեր ժողովրդի։
Աղոթում ենք, որ Աﬔնողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի ﬔր երկիրը՝ տոկունություն եւ կորով պարգեւելով ﬔր ողջ ժողովրդին»։