Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառմամբ կիսվել է Ալեն Սիմոնյանը, որոշ ժամանակ անց ջնջել այն
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառմամբ, սակայն որոշ ժամանակ անց ջնջել այն:
Հիշեցնենք, որ ամուսնու գրառմամբ կիսվել էր նաեւ Աննա Հակոբյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Նրա գրառումից մի քանի րոպե անց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, նրա օրինակին հետեւեց Թագուհի Թովմասյանը, հայտարարելով, որ դուրս է գալիս խմբակցությունից: Հաջորդիվ նրանց միացավ պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում արեց, նշելով, որ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: «Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»,- գրել է Թաթոյանը: