Գերմանիայի բնակիչները հանդես են գալիս ռեստորանների եւ թատրոնների կարանտինի սահմանափակումները չեղարկելու օգտին
Գերմանիայի բնակչության մեծամասնությունը դեմ է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանափակումների երկարաձգմանը ձմռան ամիսներին, վկայում են Bild am Sonntag շաբաթաթերթի պատվերով անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 15-ին:
Հարցվածների 78 տոկոսը համարում է, որ դեկտեմբերին ռեստորանները կարելի է կրկին բացել այցելուների համար: Եւ միայն 18 տոկոսն է հակառակ կարծիք արտահայտել: Միեւնույն ժամանակ գերմանական մշակութային հաստատությունների բացման օգտին արտահայտվել է հարցվածներ 68 տոկոսը, դեմ է հանդես եկել յուրաքանչյուր չորրորդը՝ 28 տոկոս: Ընդ որում՝ ավելի քան կեսը՝ 59 տոկոսը, չի սատարել դեկտեմբերին սոցիալական շփումների սահմանափակման չեղարկումը, իսկ յուրաքանչյուր երրորդը՝ 35 տոկոսը, կողմ է արտահայտվել այդ մեղմացմանը, հաղորդում է DW-ը:
Գերմանիայի ամբողջ տարածքում մեղմ լոքդաունն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին եւ կգործի առնվազն մինչեւ դեկտեմբերի 1-ը: Մեկ ամսով ԳԴՀ-ում փակ են բոլոր ժամանցի վայրերը, ռեստորանները, սրճարանները եւ սպասարկման ոլորտում ձեռնարկությունների մեծամասնությունը: Բնակիչները պետք է սահմանափակեն սոցիալական շփումները սեփական տնտեսությունից դուրս՝ հասցնելով բացարդակ նվազագույնի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշնային հողերի կառավարությունների ղեկավարները նոյեմբերի 16-ին կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանափակումների միջանկյալ արդյունքները: Գերմանիայում նոյեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 790 503 մարդու մոտ, մահացել է 12 485 պացիենտ, առողջացել՝ ավելի քան 502 000 մարդ՝ համաձայն Ռոբերտ Կոխի ինստիտուտի հաշվարկների: