Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի հատել. Էլինար Վարդանյան
Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները իշխանության միակ եւ ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
«Վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալությունները իշխանության միակ եւ ոչ ադեկվատ արձագանքն է ստեղծված բարդագույն իրավիճակին։ Սա հասկանալիորեն խորացնում է առանց այդ էլ լարված մթնոլորտը։
Շատ ափսոս է, որ իրավապահները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը եւ այն, որ հակաօրինական հրահանգները կատարելու հետեւանքով կրելու են անհատական պատասխանատվություն։
Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Ի տարբերություն իրավապահների դատարանն արդեն իսկ մի քանի որոշմամբ ապացուցել է, որ ճիշտ է գնահատում արդի իրավիճակը, պատրաստ չեն օրենք խախտել։
Այսօր էլ դատարանը պետք է քննի Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Շատ կարեւոր է, որ դատարանը մնա քաղաքական չեզոքության շրջանակներում, քանի որ պրոցեսները այլեւս իրավական չեն։ Շատ կարեւոր է, որ դատարանները մնան իրենց գործառույթների շրջանակներում եւ առաջնորդվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով: Դատարանները այն կարմիր գիծն են, որ չի կարելի խախտել»,- գրել է նա։