Թրամփի աջակիցների քայլերթը վերածվել է բախումների. կան տուժածներ և ձերբակալվածներ (Տեսանյութ)
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները քայլերթ են անցկացներ, որը հանգեցրել է բախումների եւ բռնության էսկալացիայի շաբաթ երեկոյան, երբ ոստիկանությունը փորձել է բաժանել երկու հակառակ կողմերին, հաղորդում է Fox News-ը:
Ավելի վաղ տեղի են ունեցել բախումներ ձախակողմյա ցուցարարների եւ Թրամփի կողմնակիցների միջեւ, որոնք բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ: Ինքը՝ նախագահը, անգամ մասնակցել է իր կողմնակիցների ցույցին:
Քայլերթը հիմնականում խաղաղ բնույթ է կրել, սակայն երեկոյան սոցցանցերում հայտնվել են քաոսի տեսարաններ Ամերիկայի մայրաքաղաքի փողոցներում:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ բախումների հետեւանքով մեկ ցուցարար ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ: Ընդ որում՝ նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեռեւս պարզ չէ՝ դա արվել է Դոնալդ Թրամփի կողմնակիցների, թե ընդդիմադիրների կողմից:
Daily Caller պարբերականը հրապարակել է տեղի ունեցածի կադրերն՝ անվանելով դա «ծեծկռտուք The Proud Boys-ի եւ Antifa-ի միջեւ»:
The Proud Boys-ը կոնսերվատիվ խումբ է, որը հայտնի է ուրիշ քաղաքներում իր ծեծկռտուքներով, այդ թվում՝ Արեւմտյան ափին Antifa-ի անդամների հետ: Խմբավորման առաջնորդներից մեկը դանակահարվել է Վաշինգտոնում մեկ ուրիշ բողոքի ցույցի ժամանակ՝ ընտրությունների հաջորդ օրը:
Հաղորդվում է նաեւ զանգվածային անկարգությունների մասին: Թրամփի դեմ բողոքողները նրա կողմնակիցների ուղղությամբ նետել են ձվեր, գողացել եւ այրել են պաստառներն ու գլխարկները:
Վաշինգտոնի ոստիկանությունը հաղորդել է առնվազն 20 ձերբակալման մասին, որոնցից երեքը կապված են հարձակումների հետ: Վիրավորվել է առնվազն երկու ոստիկան, իսկ իշխանությունները առգրավել են յոթ միավոր հրազեն:
Տեսանյութը՝ այստեղ: