Ռուս Ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում առճակատումը դադարեցնելու անփոխարինելի պայման է համարում քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը
Քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը Լեռնային Ղարաբաղում առճակատման դադարեցման անփոխարինելու պայման է, թելեգրամյան իր ալիքում նման գրառում է կատարել Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Վախթանգ Կիպշիձեն, հայտնում է ТАСС-ը:
«Լեռնային Ղարաբաղում առճակատման դադարեցման անփոխարինելի պայմանն այդտեղ առկա քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունն է: Ռուսաստանի նախագահի խոսքն այս կապակցությամբ կարևորագույն ազդանշան է գերտերությունից, որը առանցքային պատասխանատվություն է կրում այդ տարածաշրջանում խաղաղ կարգավորման համար»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն արդեն իսկ պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
«Ալիևի և հետ զրույցում Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հարցի շուրջ, որ այն շրջաններում, որոնք եռակողմ հայտարարությամբ վերադարձվում են Ադրբեջանին, քրիստոնեական տաճարներ և վանքեր են տեղակայված: Այդ առնչությամբ նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանության և բնականոն եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահը ըմբռնում է դրսևորել այդ հարցի շուրջ և ասել, որ ադրբեջանական կողմն այդ մոտեցմամբ է շարժվելու»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին ադրբեջանա–թուրքական տանդեմը պատերազմ սանձազերծեց Արցախում։ 44 օր տևած պատերազմն ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությամբ, որի արդյունքում Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։