Ռուսական «Ан-124» երկու ինքնաթիռով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ և «БТР-82А» տեսակի զրահամեքենաներ (տեսանյութ)
Ռուսական Ан-124 երկու ինքնաթիռներով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ, ինչպես նաև` զրահատեխնիկա, ТАСС-ի փոխանցմամբ`հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ «Ан-124» ինքնաթիռներով Երևան են փոխադրվել «БТР-82А» տեսակի զրահամեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքներից հետո ռազմական շարասյուները ուղղություն են վերցնելւ դեպի Գորիս`անցնելով մոտ 300 կմ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա: