ՌԴ նախագահը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի անձնակազմին Արիության շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Արիության շքանշանով:
Այս մասին հայտնում են ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից:
«Ռուսաստանի Դաշնության նախագահը Արիության շքանշանով պարգևատրել է ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում: Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, իսկ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը վիրավորվել:
Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել: