ՌՈՒԵ-ն հույս ունի վերսկսել իր մասնակցությամբ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ
Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի Սինոդալ բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնն (Ալֆեեւ) ասել է, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հույս ունի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եղել է եւ կա եռակողմ բանակցությունների մեխանիզմ, երբ հանդիպում են հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավարը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը, քննարկում են առկա խնդիրները եւ համապատասխան որոշումներ են կայացնում,- ասել է միտրոպոլիտը շաբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաընկերության «Եկեղեցին եւ խաղաղությունը» հաղորդման եթերում:- Կարծում եմ, որ այժմ այս ձեւաչափին վերադառնալու ժամանակն է... Ես հուսով եմ, որ Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների բանակցություններն առաջիկայում կվերսկսվեն, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի լուծել երկու երկրների տարածքում գտնվող կրոնական օբյեկտների վերականգնման եւ բնականոն գործունեության հետ կապված հարցերը»:
Միտրոպոլիտը հույս է հայտնել, որ հոգեւոր առաջնորդները պատրիարքի միջնորդությամբ կկարողանան նպաստել իրավիճակի խաղաղացմանը եւ կայուն խաղաղության հաստատմանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հողում, այլեւ` երկու երկրներում խաղաղության հաստատման գործում, որոնց միջեւ կոնֆլիկտային իրավիճակ եւ վիճելի տարածք գոյություն ունի: «Խոսքը եւ տաճարների, եւ մզկիթների մասին է. խոսքն այն մասին է, որպեսզի յուրաքանչյուր կոնֆեսիա լիարժեք կերպով կարողանա իրականացնել իր ծառայությունը` անկախ քաղաքական վիճակից եւ քաղաքական կոնյունկտուռայից»,- հավելել է միտրոպոլիտը: