Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութի փորձարկումները շուտով կավարտվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կորոնավիրուսի դեմ եւս երեք պոտենցիալ պատվաստանյութի փորձարկումների ավարտ է ակնկալում` Pfizer ընկերության պատվաստանյութից բացի, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Եվս երեք պատվաստանյութ փորձարկման վերջին փուլում են, դրանք կներկայացվեն (ԱՄՆ վարչակազմի համապատասխան վարչության կողմից քննմանը) մի քանի շաբաթվա ընթացքում», - ասել է Թրամփը` ելույթ ունենալով Սպիտակ տանը:
«Այս պատվաստանյութերը նախատեսված են զանգվածային արտադրության համար, եւ դրանց տարածումը շատ արագ կլինի»,- հավելել է նա:
Ըստ Ամերիկայի նախագահի` առաջին հերթին պատվաստանյութը կստանան առողջապահական ոլորտի աշխատակիցներն «առաջնագծում», երկրի տարեց բնակիչները, ինչպես նաեւ խոցելի խմբերը: Նա շեշտել է, որ պատվաստանյութը նրանց համար հասանելի կդառնա «անմիջապես» իշխանությունների կողմից հաստատվելուց հետո:
Ինչ վերաբերում է Pfizer ամերիկյան կոնցեռնի` գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ արտադրած պատվաստանյութին, Թրամփն ասել է, որ իր վարչակազմը կաշխատի հնարավորինս շուտ հաստատում ստանալ դրա օգտագործման վերաբերյալ:
«Մենք աշխատելու ենք արտակարգ օգտագործման թույլտվություն ստանալու համար... Իմ վարչակազմը համակարգելու է պատվաստանյութերի բաշխումը: Կարծում եմ, որ այն շատ արագ կհաստատվի»,- ասել է Թրամփը: