Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից
Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին դժգոհություն է հայտնել Շուշիում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունից:
«Ֆեյսբուք»-ի իր էջում ադրբեջանցի ընդդիմադիրը նկար է հրապարակել Շուշիից և հարց է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ինչ գործ ունեն Ռուսաստանի զինված ուժերը Շուշիում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ ու Շուշի։ Ստեփանակերտի հետ կապված հարցը պարզ է: Ի՞նչ գործ ունի ռուսական բանակը Շուշիում։ Մենք սպասում ենք կառավարության բացատրությանը»,- գրել է Քերիմլին:
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը: