Ռիվալդո. «Բարսելոնային» անհրաժեշտ է 1 կամ 2 նոր հարձակվող
«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել կատալոնական ակումբի հարձակման գիծն ուժեղացնելու անհրաժեշտության մասին:
«Կարծում էի, որ «Բարսելոնան» որևէ մեկին պետք է գներ մինչև Անսու Ֆատիի վնասվածքը, իսկ հիմա ավելի շատ եմ մտածում այդ մասին: Ակումբը պետք է փորձի ձեռք բերել 1 կամ 2 հանձակվողի, եթե ցանկանում է պայքարել Չեմպիոնների լիգայում: Կումանը պետք է ավելի շատ հնարավորություններ ունենա առջևի գծում, որպեսզի թիմը բավականաչափ մրցունակ լինի մեծ խաղերում: Ֆատիի բացակայությունը ևս մեկ գլխացավանք է մարզիչի համար»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Betfair-ը:
Հիշեցնենք, որ Անսու Ֆատին ծնկի վիրահատության էր ենթարկվել վերջերս: Իսպանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 3-5 ամիս: