Անկարայում պատրաստվել են դիմավորել ռուսական պատվիրակությանը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 13-ին սպասում են ռուսական 20 հոգանոց պատվիրակությանը։ Այցը կհաջորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրմանը:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարությունները, ռուսական պատվիրակությունը առաջին հերթին կժամանի Արտաքին գործերի նախարարություն, հետո արդեն՝ Ազգային պաշտպանության նախարարություն։
Ռուսական «Эхо Москвы»-ն նշում է, որ ռուսական կողմը հաստատել է այցը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Թուրքիան ԼՂ-ում խաղաղապահներ չի ունենալու:
Ավելի վաղ և՛ թուրքական, և՛ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Այցի նպատակն է քննարկել նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը: