Կրեմլ. Թուրքիան հավանություն է տվել Ղարաբաղում ուժային սցենարին
Թուրքիան Ղարաբաղում ռազմական օպերացիային հավանություն տալու հետեւողական դիրքորոշում է որդեգրել: Այս մասին RT-ի հետ զրույցում՝ խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի դերի մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Թուրքիան հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային սցենարին: «Այդ հարցում մեր դիրքորոշումները տարբերվում են: Սակայն դա մեզ չի խանգարում շարունակել բոլոր, ներառյալ ամենաբարձր մակարդակներում սերտ համագործակցությունը»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մշտական կապի մեջ են՝ չնայած որոշ տարաձայնություններին:
Նա նշել է, որ շատ կետերում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են. «Մոսկվան եւ Անկարան շահագրգռված են տարածաշրջանի կայունության պահպանմամբ: Մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք առեւտրատնտեսական, ներդրումային ոլորտներում: Մեր փոխգործակցությունը պատասխանում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի շահերին»:
Վերադառնալով Ղարաբաղում պատերազմին Թուրքիայի դերին՝ Պեսկովը նշել է, որ տվյալ դեպքում «Թուրքիան սխալվում է՝ կարծելով, թե խաղաղության կարելի է հասնել ուժային մեթոդներով»:
Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացում շփումների մասին՝ Պեսկովը նշել է, որ այդ շփումների արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Ադրբեջանի տարածքում, «որը Ղարաբաղի տարածք չի համարվում», մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին: «Կենտրոնը կհամակարգի հրադադարի ռեժիմի մոնիթորինգի հարցով գործողությունները, այն նույն ռեժիմի, որը «երկրի վրա» արդեն պահպանում են ռուս խաղաղապահները»,-հավելել է Պեսկովը: