Բորելը Երևանին և Բաքվին հավաստիացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը սատարելու իր պատրաստակամության մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսային զրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։
Զրույցների ժամանակ նա հույս է հայտնել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա ջանքեր ներդնել հասնելու հակամարտության կայուն խաղաղ կարգավորման եւ կանխելու հետագա մարդկային տառապանքները։ Նա շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագա հումանիտար օգնություն տրամադրել հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչության կարիքների բավարարման համար եւ արդեն գրեթե 1 մլն եվրո է հատկացրել շտապ օգնության ցուցաբերման համար։
Բորելը 2 նախարարների հետ քննարկել է հրադադարի մասին համաձայնագիրը, որը նոյեմբերի 9-ին ստորագրվել է Ռուսաստանի միջնորդությամբ եւ համաձայնեցվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Նա շեշտել է, որ առաջին հերթին հրադադարը պետք է լիովին պահպանվի եւ պահպանվի երկու կողմից։
Դա կարող է դառնալ բանակցությունների ճանապարհով հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը տանող առաջին քայլը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարեւորել է խաղաղության եւ հաշտեցման հաստատումը եւ այս կապակցությամբ միջազգային հումանիտար իրավունքի ու մշակութային ժառանգության, նրա արժեքների պաշտպանության սկզբունքների պահպանումը։
Բորելը ընդգծել է ԵՄ հանձնառությունը հետայսու եւս աջակցել հաստատված ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ։ Նա հաստատել է, որ Եվրամիությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի ու ԵՄ պատվիրակության միջոցով, եւ անձամբ ինքը պատրաստ են իրենց ավանդն ունենալ այս ջանքերում եւ համաձայնագրերի իրականացման մեջ, որոնք տանում են Հարավային Կովկասի երկրների կայուն խաղաղության եւ բարգավաճող զարգացման։
Նա առաջիկա շաբաթներին երկու նախարարների հետ շփումների շարունակման հույս է հայտնել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի եւ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի առաջիկա նիստերի նախաշեմին։